Գիորգի Թումասյանի ուղին
Հարված
2017 թվականն ընդլայնեց իմ գործունեության շրջանակն ու միջազգային ճանաչումը, բայց հենց այդ տարում սկսվեց նաև ծանր փորձությունների մի շրջան։ Մինչև 2023 թվականի աշունը հաջորդած հարվածները փորձության ենթարկեցին թե՛ իմ պատկերացումները, թե՛ անձնական տոկունությունը։ Պետական ու համայնքային կառույցների ներսում սկսված հակասությունները շարունակվեցին փողոցային պայքարում, իսկ Հայաստանի վրա հասած աղետները մեր ընտանեկան պատմության ցավը դարձրին ներկայի իրողություն։ Այս տարիների ընթացքում ես ստիպված էի իմ գիտելիքներն ու համոզմունքները ստուգել իրական դիմակայության մեջ։
Առաջին հարվածը հասցվեց թիկունքից և եկավ այնտեղից, որտեղից այդ պահին չեի սպասում՝ հենց Վրաստանում այդ ժամանակ գոյություն ունեցող քաղաքական կոնյունկտուրայից, որն ակնթարթորեն փորձեց խժռել իմ անկախությունը։ Դա տեղի ունեցավ 2017 թվականի հունիսին, հենց որ ես ստացա ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցչի մանդատը։ Համակարգը, որը փաստորեն սովոր էր տեսնել միայն հնազանդ կատարողների, բախվեց մի մարդու, ում մտածողությունը ձևավորվել էր ազատության բոլորովին այլ արժեքներով։
Ես սովորել էի Թբիլիսիի Ազատ համալսարանում (Free University of Tbilisi)՝ մի տարածքում, որտեղ ազատության պաշտամունքը բացարձակ արժեք էր։ Դեռևս 2014 թվականին՝ Նյու Յորք կատարած իմ առաջին այցից հետո, ես որպես նվեր Կախա Բենդուքիձեի համար բերել էի Ազատության արձանի մանրակերտը։ Շուտով Կախան հեռացավ կյանքից, և ես չհասցրի այն նվիրել։ Այդ պահից ի վեր այդ խորհրդանիշը՝ իմ կողմից փորագրված մակագրությամբ՝ «Ազատ միտք, Ազատ համալսարան, Ազատ երկիր, Ազատ աշխարհ», անփոփոխ կերպով դրված է իմ աշխատասեղանին։
Եվ երբ ինձնից պահանջեցին լիակատար հնազանդություն, ես կտրականապես հրաժարվեցի զիջել իմ ազատությունը։ Իշխանության ներսում ազդեցության առանձին խմբերի արձագանքն ակնթարթային էր և անողոք. հասկանալով, որ ինձ հնարավոր չէ անձամբ կաշառել կամ վախեցնել, նրանք փորձեցին ինձ վրա ճնշում գործադրել ընտանիքիս միջոցով։ Կարևոր է հասկանալ համատեքստը. 2017 թվականն էր, և այն ժամանակ երկրի ներսում կամ նրա սահմաններից դուրս դեռ ոչ ոք չէր տեսնում Վրաստանում բռնապետական նշանները։
Իմ Հոր նկատմամբ գործի դրվեցին բացահայտ ուժային ճնշման մեխանիզմներ, զուգահեռ իր վրա տեղի ունեցավ ֆիզիկական հարձակում։ Մենք, իհարկե, դիմեցինք իրավապահ մարմիններին, բայց համակարգը, օգտագործելով համակարգված վարչական լծակները, շինծու քրեական գործ հարուցեց հենց իմ հոր դեմ։ Ճնշման աստիճանն այնքան աննախադեպ էր, որ ես ստիպված եղա այս հարցը լուծել ամենաբարձր մակարդակով՝ իրավիճակը խիստ իրավական դաշտ վերադարձնելու պահանջով անմիջականորեն դիմելով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, ում ես անձամբ ճանաչում էի ՄԱԿ-ում իմ մանդատի շնորհիվ։ Արդյունքում միջադեպը հաջողվեց հարթել։
Զուգահեռաբար գործի դրվեց համակարգային խեղդման մեքենան։ ՄԱԿ-ում իմ մանդատը տևում էր ուղիղ մեկ տարի, և պատկան գերատեսչությունները պարտավոր էին իմ գործունեության և միջազգային ուղևորությունների համար բյուջե հատկացնել դեռ 2017 թվականի հունիսին։ Փոխարենը նրանք ամիսներ շարունակ ձգձգում էին ֆինանսավորումը՝ միջոցները փոխանցելով միայն 2018 թվականի մարտին։ Հաշվարկը պարզ էր՝ ինձ թողնել առանց ռեսուրսների, կաթվածահար անել իմ աշխատանքը և ստիպել կապիտուլյացիայի գնալ։ Եթե չլիներ իմ հայրը, ով, չնայած քրեական հետապնդմանն ու սպառնալիքներին, ամբողջությամբ իր վրա վերցրեց իմ դիվանագիտական առաքելության բոլոր ֆինանսական ծախսերը, ես ֆիզիկապես չէի կարողանա կատարել մանդատի պարտավորությունները։ Այս առաջին դաժան դասն ինձ ցույց տվեց, թե ինչ արժե սեփական սկզբունքներին հավատարիմ մնալը և որն է անկախության իրական գինը։
Սակայն, ինչպես պարզվեց, դա միայն սկիզբն էր։ Այդ նույն ժամանակահատվածում ինձ վրա անսպասելիորեն հարձակվեց Թբիլիսիի հայ համայնքի արխաիկ նոմենկլատուրան։ Համայնքային երեկվա գործընկերները՝ առաջին հերթին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդը, կազմակերպված կերպով սկսեցին հարձակումներ գործել իմ դեմ։ Այն, ինչ սկզբում շոկ էր թվում, արագորեն դարձավ հասկանալի և տրամաբանական. համակարգի ներկայացուցիչները գիտակցեցին, որ ես հրաժարվել եմ դառնալ այնպիսին, ինչպիսին իրենք են։ Այս գործընթացներում ես տեսնում էի ոչ միայն Վրաստանի ներքին քաղաքական մեխանիզմների ազդեցությունը։ Իմ գնահատմամբ՝ դրանցում արտահայտվում էր նաև Ռուսաստանի ձգտումը՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայ Յեղափոխական Դաշնակցության միջոցով ազդեցություն պահպանելու Վրաստանի հայ համայնքի և երկրի քաղաքական կյանքի վրա։
Երբ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունը, ես՝ որպես ինքնիշխանության և օրենքի գերակայության իդեալներով մեծացած մարդ, ում ընտանիքը տուժել էր Քոչարյանի դարաշրջանի քրեաօլիգարխիկ ռեկետից և անձամբ բախվել տոտալ փլուզմանը Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, բնականաբար և բացահայտորեն աջակցեցի այդ փոփոխություններին։ Ազգը եռում էր հույսով։ Բայց որքա՜ն մեծ էր իմ ցնցումը, երբ հեղափոխությունից հետո էլ նույն հակաինքնիշխան օրակարգը մենք հորս հետ սկսեցինք հստակորեն արձանագրել Հայաստանի պետական կառավարման համակարգի ներսում, ներառյալ ԱԳՆ-ն և այլ առանցքային կառույցները։
Իմ աշխատանքում ես միաժամանակ տեսնում էի երեք փոխկապակցված վտանգ․ Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի հայ համայնքի կառույցների վրա՝ նաև ՀԱԵ-ի և ՀՅԴ-ի շրջանակներում գործող կապերի միջոցով, այդ ազդեցության աճը Վրաստանի քաղաքական կյանքում և Հայաստանի պետական ապարատում արտաքին ազդեցության պահպանումը՝ չնայած հեղափոխությանը։ Իմ գնահատմամբ՝ այս գործընթացները նույն համակարգային խնդրի դրսևորումներն էին, իսկ դրանց դեմ իմ բաց դիրքորոշումն ինձ հակադրեց ազդեցության մի քանի կենտրոնների։
Երևանում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ես հնարավորություն ունեցա զրուցելու Գարեգին Բ-ի հետ (այն ժամանակ ես դեռ նրան չէի դիմում անուն-ազգանունով, ինչպես անում եմ հիմա՝ քաղաքացի Կտրիճ Ներսիսյան)։ Ես նրան բացատրեցի հարցի էությունը և խնդրեցի անձնական ընդունելություն։ Նա խոստացավ ընդունել ինձ և կողքին կանգնած արտաքին կապերի բաժնի ղեկավար Սամվել Հովհաննիսյանին հանձնարարեց կազմակերպել հանդիպումը։ Սակայն հանդիպումը կազմակերպելու ամիսներ տևած փորձերն արդյունք չտվեցին։ Ավելի ուշ, երբ մենք հորս հետ կանգնած էինք անմիջապես Էջմիածնի վեհարանի մուտքի մոտ, Սամվել Հովհաննիսյանը հեռախոսով ինձ ասաց, որ ոչ ոք մտադիր չէ ինձ ընդունել, և հռետորական հարց ուղղեց․ «Ի՞նչ է, դո՞ւ ես որոշելու, Գիո՛րգի»։
Դրանից հետո ես վերջնականապես գիտակցեցի. համակարգային ճգնաժամը կրում է ոչ թե տեղային, այլ համազգային ինստիտուցիոնալ բնույթ։ Ես նայում էի Էջմիածնի ներսում տիրող իրավիճակին և սառցե հստակությամբ հասկանում, թե ինչպիսի խորը կառուցվածքային դեգրադացիա է կրել Գլոբալ Ազգի համար այս կարևորագույն ինստիտուտը։
20-րդ դարում՝ խորհրդային դաժանագույն տոտալիտարիզմի և ինքնիշխան պետության բացակայության պայմաններում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն կարողանում էր գործել որպես մասշտաբային պետական ռազմավար։ Չունենալով բանակ և նախարարություններ՝ նա Էջմիածնի հեղինակությունը ենթարկեց մեկ գերագույն նպատակի՝ ազգային ինքնության պահպանմանը և ապագա անկախության համար հող նախապատրաստելուն։ Նա Սփյուռքի հետ խոսում էր որպես ինքնիշխան միջուկ՝ ստիպելով համաշխարհային հայկական կապիտալին ու ինտելեկտին աշխատել Հայաստանի համար։ Վազգեն Ա-ն խորապես էր ըմբռնում այս Սուրբ Աթոռի սրբազան և ինստիտուցիոնալ իմաստը։
Մինչդեռ 2019 թվականի ՀԱԵ համակարգը, որը ես հասցրել էի մանրակրկիտ ուսումնասիրել ներսից՝ ամենօրյա համայնքային աշխատանքի և տարբեր աստիճանի հոգևորականների հետ շփումների ընթացքում, ցուցադրում էր այդ մասշտաբի լիակատար կորուստ։ Գլոբալ առաջնորդության փոխարեն ես տեսա համակարգային լճացում, որը սահմանափակվում էր նեղ անձնական շահերի պահպանմամբ և դրսից պարտադրված հրահանգներին հետևելով։
Ազգային հոգևոր ինստիտուտը պահանջում էր անհապաղ մաքրում այս իներցիայից։ Ես հուսով էի, որ հոգևոր կառույցները չեկիստական ժառանգությունից մաքրելու սկսված «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը անհապաղ կստանա նոր պետական աջակցություն։ Սակայն իշխող թիմն այն ժամանակ նախընտրեց գնալ մարտավարական փոխզիջման ճանապարհով՝ համակարգային բարեփոխումների փոխարեն։
Հաշվի առնելով, որ Կտրիճ Ներսիսյանը հրաժարվեց փոխել ՀԱԵ Վիրահայոց թեմում տիրող իրավիճակը, նույնիսկ երբ արդեն անձամբ ինձնից էր տեղեկացվել դրա մասին, ես ստիպված եղա հրապարակավ պահանջել, որ թեմի առաջնորդը լքի պաշտոնն ու Վրաստանը։ Այս պահանջն անմիջապես կատարվեց՝ այն ակնկալիքով, որ ես այլևս հրապարակայնորեն չեմ բացահայտի ստեղծված սարսափելի իրավիճակի մասին փաստերը։ Սակայն համակարգն արձագանքեց անհապաղ. նրա փոխարեն Կտրիճ Ներսիսյանն ուղարկեց նոր դրածոյի՝ ուղիղ Մոսկվայից։
2019 թվականի հունիսի 20-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ մտավ որպես «Գավրիլովի գիշեր»։ Երբ իշխանությունը ռուս կոմունիստ պատգամավորին նստեցրեց վրացական խորհրդարանի նախագահի աթոռին, ինձ և տասնյակ հազարավոր քաղաքացիների համար դա դարձավ անվերադարձի կետ։ Դա ուղղակի սպառնալիք էր Վրաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք բոլորը Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի խորհրդարանի մոտ էինք՝ իրադարձությունների կիզակետում։ Իշխանությունները կիրառեցին ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Հունիսի 20–21-ի բախումների ընթացքում վիրավորվեց շուրջ 240 մարդ, որոնցից մի մասը ծանր վնասվածքներ ստացավ։ Հաջորդող ամիսները վերածվեցին դիմադրության անդադար փողոցային մարաթոնի։ Մենք օրերով ու գիշերներով հանրահավաքներում էինք՝ պահելով ազատության քաղաքացիական պարագիծը։ Հենց այնտեղ՝ Թբիլիսիի շիկացած ասֆալտին, ես ֆիզիկապես գիտակցեցի. անկախության օգտին հնարավոր չէ քվեարկել մեկ անգամ. այն ստիպված ես լինում պաշտպանել ամենօրյա, հյուծիչ մարտի ռեժիմով՝ ընդդեմ վրա հասնող ճգնաժամերի։
2019 թվականի դիմակայությունն ինձ համար անկախության մասին գաղափարները վերածեց անձնական փորձի։ Ես արդեն տեսնում էի, թե ինչպես է արտաքին ազդեցության վտանգը կապվում երկրի ներսում իշխանության գործելակերպի հետ։ Ինքնիշխանությունը պաշտպանելու համար բավարար չէր միայն ճիշտ դիրքորոշում ունենալը․ անհրաժեշտ էր նաև պատրաստ լինել այն պաշտպանելու հրապարակում և դրա համար պատասխանատվություն կրելու։
Մեկ ամիս անց՝ 2019 թվականի հուլիսի 25-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, համայնքային արխայիկ նոմենկլատուրայի ղեկավարները հետհեղափոխական Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին Վրաստանի հայ համայնքի անունից մատուցեցին պաշտոնական նվեր՝ խոսուն վերնագրով մի գիրք՝ «Ռուսները Վրաստանում», որի անվանումը կարելի է նաև թարգմանել որպես «Ռուսները Վրաստանում են»։ Ինձ համար՝ որպես վերլուծաբանի և դիվանագիտության գործնական խոհանոցը հասկացող մարդու, դա բացահայտ քաղաքական ցուցադրություն էր այն բանի, որ Ռուսաստանն արդեն գերիշխում է Վրաստանում, այդ թվում՝ բուն հայ համայնքի ներսում։
Ես, բնականաբար, սուր քննադատության ենթարկեցի այդ դավաճանական քայլը, որն ուղղված էր ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ։ Արխայիկ նոմենկլատուրան ինձ դա չներեց։ Ես հայտնվեցի մեկուսացման մեջ այն համայնքի ներսում, որին ծսռսյում եի, բայց հենց այդ հարվածն ինձ վերջնականապես ազատեց պատրանքներից։
Բայց հենց այս առավելագույն ճգնաժամային կետում, երբ կուլիսային ազդեցության խմբերը փորձում էին արհեստականորեն մեկուսացնել ինձ, անկախ ինստիտուտները դրսևորեցին բոլորովին այլ մոտեցում։ 2020 թվականի հունվարին իմ բազմամյա աշխատանքն արժանացավ պաշտոնական ճանաչման. իմ անունը ներառվեց «Ժամանակակից Վրաստանի նշանավոր հայերը» պատմական գրանցամատյանում՝ Վրաստանի Օմբուդսմենի աշխատակազմի «Վրաստանի էթնիկ բազմազանությունը» հիմնարար ակադեմիական հրատարակության մեջ։ Կարևոր է ընդգծել, որ այդ ժամանակահատվածում երկրում Օմբուդսմենի ինստիտուտը դեռևս պահպանում էր իր անվերապահ սահմանադրական անկախությունն ու օբյեկտիվությունը՝ զերծ մնալով գործադիր ուղղահայացի կոնյունկտուրային ճնշումներից։
2020 թվականը բերեց ազգային մասշտաբի հարվածը։ Նախ՝ հուլիսյան բախումները հայ-ադրբեջանական սահմանին։ Ապա՝ սև աշունը, 44-օրյա պատերազմը Ղարաբաղում։ Վրաստանում իմ ապրած ներքին ու փողոցային ճգնաժամերին գումարվեց հայկական պետականության անվտանգության ամբողջ մոդելի ծանրագույն փորձությունը։
Դա մեր գոյության երեսնամյա մոդելի լիակատար, խլացուցիչ փլուզումն էր։ Խաղաքարտե այն տնակը, որը Երրորդ Հանրապետությունը կառուցում էր, փլուզվեց տեխնոլոգիական կացութաձևի ալգորիթմական պատերազմի հարվածների տակ։ Պատերազմում պարտություն կրեցինք, որովհետև պետական համակարգը մինչ այդ երեսուն տարի շարունակ գիտակցաբար ընտրել էր խնամի-ծանոթ-բարեկամն ու կոռուպցիան՝ Գիտելիքի Գերակայության փոխարեն, և սենտիմենտալ հայրենասիրությունը՝ ճարտարագիտության փոխարեն։ Այս փլուզումն ինձ համար վերակենդանացրեց 1920 թվականի հոկտեմբերին Կարսի անկման ընտանեկան հիշողությունը։ Ուղիղ մեկ դար անց մենք վախեցնող ճշգրտությամբ կրկնօրինակեցինք միևնույն մտային և համակարգային սխալները։
2021 թվականի հունվարին՝ Օմբուդսմենի հրատարակության մեջ ընդգրկվելուց մեկ տարի անց, իմ գործունեությունը ճանաչում ստացավ նաև միջազգային մակարդակով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ինձ հաստատեց որպես Վրաստանում «Միասնություն բազմազանության մեջ» համապետական արշավի դեմքերից մեկը։
Շրջակա աշխարհը շարունակում էր գահավիժել դեպի դժոխք։ 2022 թվականի սեպտեմբերին հետևեց Ադրբեջանի ուղիղ հարձակումը բուն Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա։ Հավաքական անվտանգության նախկին ճարտարապետությունը՝ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրերը ցուցադրեցին գործնական անգործունակություն։ Ավանդական գործընկերները, առաջնորդվելով բացառապես սեփական շահերով, գերադասեցին դիտորդի դիրք գրավել հայկական պետության մասնատման փորձերի նկատմամբ։
2022 թվականի հոկտեմբերին՝ այս համակարգային ցնցման թարմ հետքերով, ինձ հրավիրեցին Երևան՝ ներկայացնելու Վրաստանի հայ համայնքն առաջին Համաշխարհային հայկական գագաթնաժողովում։ Իմ ուշադրության կենտրոնը ծայրաստիճան պրագմատիկ էր. վերծանել աղետի ուրվագծերը և որոշել, թե ինչ ենք անելու հետո։ Ես գալիս էի կոնկրետ մարտավարական լուծումով, որն ինձ հաջողվեց անձամբ փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում։
Ես Հայաստանի իշխանությանը կոչ արեցի լիարժեք օգտագործել Սաքարթվելոյի (Վրաստանի) փորձը, որտեղ ԵՄ դիտորդական առաքելությունը գործում էր 2008 թվականից, և ապահովել եվրոպական քաղաքացիական դիտորդների շարունակական ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Այդ պահին՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ից, Հայաստանում արդեն գործում էր ԵՄ ժամանակավոր դիտորդական կարողությունը՝ Վրաստանում տեղակայված առաքելությունից գործուղված մասնագետներով։ Իմ համոզմունքն այն էր, որ այս գործիքը պետք է ամրապնդել և դարձնել երկարաժամկետ․ դիտորդները ռազմական պաշտպանության երաշխիք չեն, բայց կարող են նպաստել լարվածության նվազեցմանը, տեղում իրավիճակի փաստագրմանն ու միջազգային իրազեկվածությանը։ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը հիմնադրեց Հայաստանում առանձին քաղաքացիական առաքելությունը՝ EUMA-ն, որն իր գործունեությունն սկսեց փետրվարի 20-ին։
Մինչ Հայաստանում փորձում էին ամրապնդել անվտանգության նոր գործիքները, Վրաստանում սրընթաց կերպով խորանում էր համակարգային ճգնաժամը։ Պետական մեխանիզմներն ավելի ու ավելի արագ էին շարժվում դեպի իշխանության կոշտ կենտրոնացում և զարգացման եվրոպական վեկտորից շեղում։
2023 թվականի մարտին այդ ճգնաժամը կրկին մեզ դուրս բերեց Թբիլիսիի փողոցներ։ Այս անգամ անմիջական պատճառը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի առաջադրումն էր։ Ռուսաստանի կողմից լայնածավալ արտաքին ճնշումը և իշխանության կողմից հասարակությանն ավտորիտար օրենքներ պարտադրելու փորձերն ապակայունացնում էին երկրի արտաքին և ներքաղաքական կուրսը։ 2019 թվականի դիմակայությունից հետո Վրաստանի անկախությունն ու քաղաքացիական ազատությունները նորից ենթարկվում էին ծանրագույն փորձության։ Մենք կրկին դուրս եկանք փողոցներ՝ հստակ հասկանալով. հակաժողովրդավարական ուժերի օղակը, որի մասին ես զգուշացնում էի Մերկելին 2018-ին, սեղմվում է ողջ Հարավային Կովկասի շուրջ։ Քաղաքացիական դիմադրության ճնշման տակ իշխանությունը հետ կանչեց օրինագիծը։ Իմ գնահատմամբ՝ դա մարտավարական նահանջ էր․ համակարգը պարզապես դադար վերցրեց։
Այդ արդյունքն ինձ ցույց տվեց քաղաքացիական դիմադրության իրական ուժը․ համախմբված հասարակությունը կարող էր իշխանությանը ստիպել հետ կանգնել կոնկրետ քայլից։ Բայց օրինագծի հետկանչը դեռ չէր փոխում այն քաղաքական մեխանիզմները, որոնցից ծնվել էր այդ նախաձեռնությունը։ Մեկ որոշում կասեցնելը և նույն վտանգի վերադարձը կանխելը տարբեր խնդիրներ էին։
Նույն՝ 2023 թվականի գարնանը, Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման և իրավունքի գերակայության կենտրոնի Զարգացման առաջնորդության ակադեմիայի կրթական ծրագրին ընդունվելը նոր գործիքներ տվեց այս փորձը վերլուծելու համար։ Հետագայում ես միացա նաև Սթենֆորդի համալսարանի «Փոփոխությունների առաջնորդների ցանցին»։ Ֆրենսիս Ֆուկույամայի և այլ քաղաքական մտածողների հետ աշխատանքից ստացած հասկացութային ապարատը թույլ էր տալիս ավելի ճշգրիտ ձևակերպել այն հարցերը, որոնց բախվում էի պետական ու համայնքային աշխատանքի և քաղաքացիական պայքարի ընթացքում։
2023 թվականի սեպտեմբերին հաջորդեց Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումը։ 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա հարձակումից հետո այս նոր աղետը հայկական պետականության պահպանման հարցը կրկին դրեց մեր առջև իր ամենասուր ձևով՝ որպես անվտանգության և ֆիզիկական գոյատևման խնդիր։ Մեկ դար անց իմ նախնիների՝ Թումասյանների և Մազմանյանների պատմությունը կրկնվեց վախեցնող մաթեմատիկական ճշգրտությամբ։
Մեր ազգը նորից լքում է իր տունը գնդակների սուլոցի տակ, որովհետև խաղաղապահները, դաշնակիցները, հայտարարությունները, պայմանագրերն ու հռչակագրերը, միջազգային կազմակերպություններն ու կառույցները բացարձակապես անզոր գտնվեցին տեխնոլոգիապես կազմակերպված ռազմական ուժի առջև։
Ինձ համար դա աշխարհաքաղաքականությանը կողքից հետևել չէր։ Ընտանեկան հիշողությունն իմ նախնու՝ Կարսի գնդի հրամանատար գնդապետ Հովհաննես Մազմանյանի մասին, ով 1920 թվականի հոկտեմբերին ընտրեց մահը, բայց ոչ միջնաբերդի հանձնումը, վերակենդանացավ նոր, ցավոտ ուժով։ Կարսի պատմությունն այլևս միայն հեռավոր անցյալ չէր․ նույն սպառնալիքների հետ նորից բախվում էր մեր սերունդը։
Այս իրադարձություններն ավելի սրեցին այն հարցերը, որոնք դարձան այս գրքի առանցքը. ինչո՞ւ են որոշ ժողովուրդներ ունակ վերականգնվել աղետներից հետո, իսկ մյուսները տասնամյակներ շարունակ մնում են սեփական պարտությունների գերիները։ Ինչո՞ւ են որոշ պետություններ դասեր քաղում ողբերգություններից և դառնում հզոր, իսկ մյուսները շարունակում են կուրորեն վերարտադրել միևնույն պատմական սխալները։
2023 թվականի աշնանը՝ ուղիղ այն սև օրերին, երբ Ղարաբաղում ծավալվում էր աշխարհաքաղաքական աղետի վերջին ողբերգական հանգրվանն ու մեր ժողովրդի համատարած գաղթը, հարվածը հասավ նաև իմ ընտանիքին։ Իմ հայրը ծանր հիվանդացավ։ Հաջորդող ողջ տարին մեզ համար վերածվեց անդադար, հյուծիչ պայքարի երեք ճակատով՝ հանուն իմ Հոր փրկության, հանուն Վրաստանի փրկության և հանուն Հայաստանի փրկության։
Անցնելով այս տարիների հարվածների, ներքին դավաճանությունների, արցունքաբեր գազի և ազգային աղետների միջով՝ ես վերանայեցի իմ նախկին պատկերացումները և հստակեցրի իմ հետագա ուղին։ Բոլոր պատրանքներն այրվել էին մինչև ժայռոտ հիմքը։ Ես տեսա միջազգային և տարածաշրջանային համակարգը մերկացած, ցինիկ և անողոք։ Հենց այդ մոխիրներից էլ ծնվեց կոշտ ըմբռնումը. մենք այլևս ժամանակ չունենք մարտավարական եռուզեռի, քաղաքական շահարկումների և ազգի հին, արատավոր կոդի կոսմետիկ նորոգման համար։ Պարտությունն ի սկզբանե ծրագրավորված էր մեր պետական և համայնքային մատրիցայի ներսում։ Եվ արտաքին Բելին հաղթելու համար մենք պարտավոր ենք նախ մինչև հիմքերը ոչնչացնել Բելին մեր իսկ ներսում։





